Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՀՀԿ-ն էլ պիտի վերջապես հասկանա, որ իր որոշումները վերաբերում են ոչ միայն իրեն»

«ՀՀԿ-ն էլ պիտի վերջապես հասկանա, որ իր որոշումները վերաբերում են ոչ միայն իրեն»
05.09.2017 | 00:18

«Իրատեսի» հյուրն է ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Հերթական քաղաքական աշունը, Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիրների շուրջ է պտտվելու:
-Առաջին ու հիմնական խնդիրը Ղարաբաղի հիմնահարցն է լինելու: Օրակարգում է մնում ԱԳ նախարարների ու նախագահների հանդիպումը: Այդ շրջագծում հանդիպումներ եղան ՌԴ նախագահի հետ՝ թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, հնչեց Մինսկի խմբի ԱՄՆ-ի հեռացող համանախագահի հայտարարությունը: Գործընթացները շարունակվում են, հիմնական հարցը Հայաստանի համար, ցավոք, մնում է խնդիրն առանց պատերազմի, խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելը:
-ԱՄՆ-ի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը կրկնում էր մադրիդյան հին ու նոր սկզբունքները: Ձեր կարծիքով՝ դա նշանակում է՝ ԱՄՆ-ը փորձում է վերադառնալ բուն բանակցությունների՞ն, թե՞ հող է շոշափում:
-Ղարաբաղի հարցի լուծման մոտեցումները, փուլային-փաթեթայինից մինչև մադրիդյան սկզբունքներ, իրարից շատ չեն տարբերվում: Միակ տարբերությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք Մեղրիի դավաճանական տարբերակով խնդրի լուծումը, 1999-ին, որն էլ Քի Վեստում, բարեբախտաբար, տապալվեց: Մնացած լուծումները շատ նման են իրար, և ես չեմ համարում, որ արժանապատիվ լուծում է պարտադրված պատերազմում, չասեմ հաղթանակ, բայց հաջողություն գրանցած կողմի համար:
-Ինչու՞ ոչ հաղթանակ:
-Հաղթանակը կլիներ Ադրբեջանի կապիտուլյացիան, մենք ունեցանք պատերազմական հաջողություններ և ստիպեցինք հակառակորդին դադարեցնել պատերազմը, նստել խաղաղության բանակցությունների և այդ պարագայում, կրկնում եմ, մեզ առաջարկվող տարբերակն այնքան էլ արժանապատիվ չէ ու հաշվի չի առնում պատերազմի ավարտին գրանցված փաստերը: Այնուամենայնիվ, շատ կարևոր եմ համարում բանակցային գործընթացը շարունակելը, նույն մադրիդյան սկզբունքները կարող են հիմք դառնալ բանակցելու և պատերազմի վտանգը դրանով կանխելու, նաև՝ մեզ համար հնարավորինս արժանապատիվ տարբերակի հանգելու:
-Ընդունու՞մ եք տեսակետը, որ հիմա բանակցություններ չկան և եթե լինեն, բանակցություններ վարելու օրակարգի շուրջ են լինելու: Դա սկզբունքային հարց է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի համար: Նրանք պնդում են իրենց սուբստանտիվ բանակցությունները, մենք՝ Վիեննայի համաձայնությունների կատարումը:
-Դա փաստ է, որին համաձայն լինենք, թե չլինենք, ոչինչ չի փոխվում: Այսօրվա դրությամբ կա Մինսկի խմբի երկու որոշում, որ ընդունվել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, որտեղ ապրիլյան պատերազմից հետո, բնականաբար, հստակ խնդիր է դրվել վստահության վերականգնումը, որից հետո միայն հնարավոր կլինի բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը։ Վստահության մթնոլորտի վերականգնումը պարունակում է որոշակի քայլեր, որոնք պիտի կատարվեն: Բարեբախտաբար, հայկական կողմի շահերից բխում է խնդրի նման մոտեցումը, իսկ Ադրբեջանը դեմ է: Ե՛վ միջազգային հանրությունը, և՛ Մինսկի խումբն այդ ուղղությամբ պարտավոր են քայլեր անել: Ասել, որ ոչինչ չեն արել, ճիշտ չէ: Վերջին շրջանում Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցումների փորձերին հաջորդեցին Մինսկի խմբի հասցեական և իրականությանը համարժեք հայտարարությունները։
-Չե՞ք կարծում, որ հասունացել է մադրիդյան սկզբունքներին հրաժեշտ տալու պահը: Ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, հիմա բուն խնդիրը նոր սկզբունքներ գտնելն է: Մադրիդյան սկզբունքները հանգում են կամ փակուղու, կա՛մ պատերազմի: Դա չի՞ նշանակում, որ սպառել են լուծման ներուժը:
-Նման կոնֆլիկտները լուծելու ճանապարհները շատ չեն, և լուծման մեծ հնարավորություններ չկան: Հիմնականը՝ մենք ուզու՞մ ենք գնալ խնդրի լուծման, թե՞ չենք ուզում՝ համարելով, որ այս ենթատեքստը մեզ բավարարում է: Մենք ասելով՝ նկատի ունեմ թե՛ տարածաշրջանը, թե՛ տարածաշրջանով հետաքրքրված երկրները: Որոշ դեպքերում նրանք ասում են՝ որոշումը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները պետք է կայացնեն, բայց իրենց ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների վրա այնպիսին է, որ լուծումներն ուղղակի արգելափակվում են: Լուծման մեխանիզմները գտնելու առումով շատ կարևոր եմ համարում փոքր քայլերով առաջ գնալու մոդելը: Ոչ թե դնել խնդիր՝ փաթեթային՝ որոշում ենք տարածքների դիմաց կարգավիճակի հարցը, որին Ադրբեջանը մոտ չի գալիս ¥Հայաստանն ասում է «այո», բայց կոնկրետության դեպքում Հայաստանում էլ, համոզված եմ, խնդիրներ են առաջանալու¤, այլ կազմակերպել հնարավոր շփումներ: Վստահության առաջարկվող մոդելը հստակ պիտի ամրագրի խաղաղությունը, հանրային տարբեր մակարդակներով շփումները՝ մշակութայինից մինչև փորձագիտական ու տնտեսական, օրինակ, գազամուղներ, որ կարող են անցնել Ադրբեջանով ու Հայաստանով, Նախիջևանի երկաթգիծ, որ կարող է Մետաքսի մեծ ճանապարհի խնդիրը լուծել՝ առանց նոր երկաթգծի կառուցման: Կան ծրագրեր, որ փոխշահավետ են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ այլ երկրների համար: Պետք է փորձել այս ենթատեքստով խնդիրներ լուծել, տարածաշրջանում քայլ առ քայլ վստահության մթնոլորտը վերականգնելով՝ մինչև ընդհանուր լուծման եզրեր գտնելը:
-Պաշտոնապես հայտարարվում է, որ ՄԽ համանախագահները համակարծիք են, չե՞ք կարծում, որ իրականում յուրաքանչյուրը փորձում է իր պետության քաղաքական ու տնտեսական շահերը պաշտպանել:
-Բոլորն էլ ասում են, որ գլոբալ ու վճռորոշ քայլերին կողմ են, բայց, կարծում եմ, յուրաքանչյուրը մյուսին կասկածում է սեփական շահերն առաջ մղելու և սեպարատ շփումների մեջ:
-Դա մեզ համար լա՞վ է, թե՞ վատ:
-Չեմ կարծում, որ լավ է: Լավ կլիներ, որ զինադադարից հետո մենք զոհեր չունենայինք, չունենայինք պատերազմի վերսկսման վտանգ, ռազմավարական գործընկերը չշարունակեր զենք վաճառել Ադրբեջանին, հիմա էլ՝ Թուրքիային, մեզ էլ ստիպեր փաստաթուղթ ստորագրել: Մենք օրեցօր դառնում ենք Ռուսաստանի կցորդը, մերը թուղթ է, Ադրբեջանինը՝ կրակող զենք:
-Քաղաքական աշնան հիմնական հարցը մնալու է վարչապետի անձը: Իսկապե՞ս մենք այլընտրանք չունենք՝ կամ Սերժ Սարգսյա՞ն, կամ Կարեն Կարապետյա՞ն:
-Հանրային ընկալման մեջ, քաղաքագիտական-փորձագիտական մակարդակով, լրատվամիջոցներով փորձում են զարգացնել տեսակետը՝ եթե դեմ ես Հայաստանում իշխանության վերարտադրությանը Սերժ Սարգսյանի տեսքով, կողմ ես Կարեն Կարապետյանի վարչապետ մնալուն, ուրեմն ռուսական ազդեցության տակ գործող ուժ ես:
-Դա աբսուրդ չէ՞:
-Դա ակնհայտ հորինվել է, պարզ է՝ ովքեր են հնարել և ինչ խնդիր են ուզում լուծել: Հակադրությունը Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջև անհեթեթ է: Կարեն Կարապետյանը եկել է երկարաձգելու Սերժ Սարգսյանի իշխանությունը և այդ գործն անում է բարեխիղճ, պարտաճանաչ ու նվիրումով: Փոփոխությունն անհրաժեշտ է, որ մենք տարբերվենք եվրասիական տարածքի ավանդույթներից՝ գործող նախագահները ցմահ են, սա առաջին: Երկրորդ՝ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Բակո Սահակյանն իրենց քաղաքական թիմերն այնպես են ամայացրել, որ պահեստայինների նստարանին այլընտրանք չեն թողել: Միայն դրա համար արժի փոփոխություն անել՝ իշխող կուսակցությունն անգամ պետք է հեռանկար ունենա: Քաղաքական աշնան հիմնական թեմաներից մեկը, իհարկե, ապագա վարչապետի հարցն է լինելու, շատ կարևոր է՝ ո՞վ է երկիրը ղեկավարելու: ՀՀԿ-ն համարում է, որ խնդիրը լուծված է, քանի որ ընտրություններում հանրությունը իրենց 70 % քվե է տվել, ուստի ինքն ում ուզի՝ կընտրի: ՀՀԿ-ն էլ պիտի վերջապես հասկանա, որ իր որոշումները վերաբերում են ոչ միայն իրեն: Այս ընթացքով մենք կորցնում ենք մեր բանակցային հիմնական կռվանը՝ տարածաշրջանում, ի տարբերություն Ադրբեջանի, մենք ավելի ժողովրդավար երկիր ենք՝ սա մեկ: Երկրորդ՝ հանրային ընկալման մեջ լուրջ հիասթափություն է առաջանում և ստիպում լքել երկիրը: Այսօր ընդդիմության ու իշխանության ամենակարևոր խնդիրը պիտի լինի հասարակական մթնոլորտի փոփոխությունը: Մենք պիտի ասենք՝ մի հուսահատվիր, ժողովուրդ ջան, երկիրը անկախության տարիներին շատ կորուստներ է ունեցել, բայց ձեռքբերումներ էլ է ունեցել, աշխարհի որ ծայրում էլ լինես, միևնույն է, քո տունը Հայաստանն է, այստեղ են քո հիշողությունները, քո հարազատների շիրիմները, քո որդիների ապագան, ու՞ր ես գնում, պիտի մնաս ու պայքարես: Իշխանությունն իր գործողություններով այդ պայքարը անընդհատ փորձում է մղել ուժի դաշտ, ես դեմ եմ դրան, ես հակված եմ այդ պայքարը տեսնելու քաղաքական դաշտում ու կոչ եմ անում ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին՝ խոր մտածել ու նման քայլ չանել, որ հստակ պետության ու ժողովրդի դեմ է ուղղված:
-Այդ դեպքում չի՞ ստացվում, որ լինելու է իրական ու ձևական իշխանություն՝ ով էլ լինի վարչապետը, գործող օրենսդրությամբ իշխանությունը լինելու է ՀՀԿ նախագահինը:
-Իհարկե, խնդիրը պետք է լուծվեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և հանրությունը ՀՀԿ-ին, որից այդքան դժգոհում է, պետք է այդքան քվե չտար: Մեղավորը և՛ հանրությունն է, և՛ մենք ենք, որ չկարողացանք հանրության համար ավելի վստահելի լինել, քան 10000 դրամը: Սա փաստ է, բայց այս փաստի սահմաններում էլ նույն ՀՀԿ-ի մեջ կան մտածող մարդիկ, նույն Սերժ Սարգսյանն էլ պետության կայացման ողջ ընթացքում բոլոր ճանապարհներով անցել է և պարտավոր է մտածել իր որոշումների հետևանքների մասին: Երկիրը ոչ միայն ներկա, նաև ապագա ու հեռանկար պիտի ունենա: Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանն այդ ուղղությամբ խոր մտածի, որ ՀՀԿ-ի մտածող հատվածն այդ ուղղությամբ մտածի ու իրենց նիստերում բարձրաձայնի, քննարկի, դրանից և՛ իրենք կշահեն, և՛ երկիրը: Զարգացման այս տեմպերով շարունակությունը այլևս պայթուցիկ է: Երեք միլիոնից նվազման սանդղակն անցել ենք. սա ահազանգ է, որ խուլն էլ պիտի լսի:
-Շարունակու՞մ եք պնդել, որ ելք կա:
-Իհարկե: Եթե համարեմ, որ ելք չկա, քաղաքականությամբ զբաղվելն անիմաստ է: Այդ դեպքում ինձ կվերապահեի քաղտեխնոլոգի կամ տանը նստած, կողքից նայողի ու պարբերաբար տեսակետներ հայտնողի կարգավիճակը, որ պատասխանատվություն ու գործողությունների դիմելու անհրաժեշտություն չի ենթադրում:

Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 6472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ